«Դա ահաբեկչություն էր». ՔՊ պատգամավորները վախեցած են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Այս տարվա փետրվարի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի տան մոտ պայթյուն հնչեց: Ավելի ուշ պարզվեց, որ հարևանի տան բակում էր այն:



ՔՊ-ականները, սակայն, տոտալ վախի մեջ էին, քանի որ զուգահեռաբար Գուրգեն Արսենյանի գրասենյակի առջև էին ռումբ տեղադրել, բայց այն չէր պայթել:



Այս դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան և գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, և վարույթի շրջանակում կան կալանավորված 3 անձինք, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:


Եվ ահա, այս գործով հարցաքննվել է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի տված ցուցմունքը հայտնվել է «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում:


«Հարևանիս՝ Արթուր Բաղդասարյանի տանը տեղի ունեցած պայթյունը քննարկել եմ վերջինիս հետ, սակայն իմ մտքով չի անցել, որ կատարվածը ահաբեկչություն է, և թիրախում ես եմ: Նույնիսկ հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ այդ պայթյունը ինձ հետ առնչություն չունի, սակայն որոշ ժամանակ անց իրավապահներից տեղեկացել եմ, որ կատարվածը ահաբեկչություն է եղել և ուղղված է եղել իմ դեմ»:


ՀԱՐՑ. Դուք սպառնալից բովանդակությամբ հաղորդագրություններ ստացե՞լ եք հիշյալ դեպքից առաջ կամ հետո, եթե այո՝ ապա մանրամասնե՛ք:


ՊԱՏԱՍԽԱՆ. սպառնալիքներով որեւէ հաղորդագրություն չեմ ստացել:


ՀԱՐՑ . Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ ու ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին:


ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող որևէ պատճառ նշել:


ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը պատրաստված է եղել Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեր մեջ առաջացրե՞լ է տագնապի, անհանգստության զգացողություններ, թե՞ ոչ:


ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, ես վախ զգացել եմ ընտանիքիս անդամների կյանքի և առողջության համար, քանի որ նշված տանը բնակվում է իմ ընտանիքը, թոռներս, և նրանց կյանքին ու առողջությանը վերը նշված գործողության հետևանքով կարող էր վնաս պատճառվել»:



Քաղաքականություն