Ալեն Սիմոնյանը հայհոյանքներ է հնչեցրել, որը լսել են միջանցքներում. նոր սկանդալ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով է աչքի ընկել. Օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նա հայհոյանքներ է հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի է եղել միջանցքներում:



Երեկ՝ կեսօրից հետո, ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Մեր տեղեկություններով՝ Վահե Մակարյանը Ալեն Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, սակայն խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել են ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել են լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չի թքել, և նույնիսկ չի հարվածել, այլ միայն բղավել է, հայհոյել և փողոցային վարքագիծ դրսևորել:



«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վահե Մակարյանի հետ` պարզելու, թե ինչ է կատարվել: Նա հաստատեց, որ իր և Ալեն Սիմոնյանի միջև երեկ միջադեպ է տեղի ունեցել, պատմեց, որ, իսկապես, մեր տեղեկությունները ճիշտ են, և որ իրենց խոսակցության ժամանակ իրավիճակն այնքան է լարվել, որ Սիմոնյանի անվտանգության աշխատակիցները բռնել են լրագրողի ձեռքերը. «Միջադեպ, այո, եղել է, որը, կարծում եմ, հարթվել է: Չգիտեմ՝ որտեղից է տարածվել տեղեկությունը. հավանաբար Սիմոնյանի բղավոցներն են լսվել: Չգիտեմ՝ հարվածելո՞ւ նպատակով ձեռքերս բռնեցին, թե՞ սովորության համաձայն՝ այլ գործողություն էր Ալեն Սիմոնյանն ուզում անել, բայց մի պահ եղավ՝ նա փորձեց հարձակվել ինձ վրա, նրա թիկնապահներն էլ բռնեցին ձեռքերս, բայց Սիմոնյանը խոհեմություն ցուցաբերեց, ու հետեւանքների մասին մտածելով՝ այլ քայլերի չդիմեց. այդքանով ավարտվեց», – պատմեց Վահե Մակարյանը:



«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց նաև ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանի հետ՝ պահանջելով ԱԺ նախագահի անունից տալ պարզաբանումներ: Սակայն խոսնակն ասաց` գրավո՛ր ուղարկեք հարցը։

Պատահարներ