Վեճը շատ լուրջ է․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է Ուկրաինայի երկրպագուներին որպես ֆուտբոլիստ, ապա նաև որպես մարզիչ հայտնի Եղիշե Մելիքյանը: Այս մասին հաղորդում է Sport.ua-ն, փոխանցում է ArmSport-ը։
Նախորդ տասնամյակի երկրորդ կեսին և այս տասնամյակի սկզբում 45-ամյա մասնագետը գլխավորում էր Կամենսկի «Ստալը» և «Լվովը», իսկ վերջին տարիներին ղեկավարում է Երևանի «Փյունիկը»:
Հայ մասնագետը պատասխանել է Sport.ua-ի լրագրողի հարցերին՝ կապված Հայաստանի հավաքականը գլխավորելու հետ։
– Ճի՞շտ է, որ Դուք համարվում եք Հայաստանի հավաքականի ղեկավարի թեկնածուներից մեկը:
– Սա շատ նուրբ հարց է: Չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կասեմ մի քանի խոսք: Արդեն մի քանի տարի է, ինչ «Փյունիկ» ՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կոնֆլիկտ կա: Սկզբից ի վեր ես պաշտպանում եմ ակումբի նախագահին, որտեղ աշխատում եմ: Ես պայքարում եմ նրա համար՝ թե՛ ֆուտբոլի դաշտում, թե՛ դրանից դուրս: Կարծում եմ՝ այս փաստը կխանգարի ինձ գլխավորել Հայաստանի հավաքականը: Մեր ֆեդերացիայում աշխատում են շատ հավակնոտ մարդիկ, որոնց համար արդյունքը կարևոր չէ այնքան, որքան անձնական իմիջը: Համոզված եմ, որ նրանք հասկանում են, որ ես իսկապես կարող եմ օգնել ազգային հավաքականին, բայց այդ պատճառներով չեն գնա այդ քայլին:
– Իսկ եթե ենթադրենք, որ ֆուտբոլային հասարակությունը՝ մասնավորապես Հայաստանի երկրպագուները և անկախ լրատվամիջոցները, միասնական կարծիք կհայտնեն, որ ցանկանում են հենց Ձեզ տեսնել հավաքականի ղեկավարի պաշտոնում, ապա այդ քայլը Ձեր կողմից հնարավո՞ր է:
– Եթե հասարակությունը իսկապես դա ցանկանա և այդ մասին հայտնի, միայն այդ դեպքում պատրաստ եմ համապատասխան քայլեր կատարել: Ինձ համար շատ կարևոր է երկրպագուների կարծիքը և ակումբի նախագահի կարծիքը: Վեճը շատ լուրջ է:
– Իսկ ի՞նչն է այդ վեճի պատճառը։
– Չեմ ցանկանում դրա մասին խոսել: Միայն կասեմ, որ այն այնքան լուրջ է, որ «Փյունիկը» 99 տոկոս հավանականությամբ պատրաստ է դուրս գալ առաջնությունից: