Փաշինյանը՝ Քյարամյանի և Աղազարյանի սկանդալի մասին

Երբ Քննչական կոմիտեի նախագահը հայտարարում է, որ Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ քրեական գործով առնվազն երկու անգամ միջնորդություններ է ուղարկել, ինչո՞ւ չկա իրավական գործընթաց, սա՞ է կոռուպցիայի դեմ ձեր պայքարը։ Այս մասին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։


«Ինչո՞ւ չվեցրիք հեռախոսն ու զանգեիք դատախազին հարցնեիք՝ ինչո՞ւ չհարուցեց քրեական գործ՝ հովանավորչության հոդվածով»,- նշեց Ագնեսա Խամոյանը։


«Եթե մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս ունենայինք, այդ կոմպրոմիսը տեղի կունենար, դուք դրա մասին ոչ կիմանայիք, ոչ կլսեիք, ոչ էլ հարց կտայիք։ Իրավական ընթացակարգեր չեն կարող տեղի չունենալ։ Պետք չի, որ ես հեռախոս վերցնեմ կամ հեռախոս չվերցնեմ։ Պրոցեսները պետք է տեղի ունենան անկախ նրանից հեռախոս վերցնող կա, թե՝ ոչ, որովհետև Հայաստանում հարաբերությունների կարգավորման գործիքը հեռախոսը չէ, այլ օրենսդրությունը։


Ինչ վերաբերում է միջադեպերին, որոնք մեր կարծիքով դուրս են քաղաքակիրթ բանավեճի և խոսակցության տրամաբանությունից, դրան էլ պետք է արձագանքը լինի ոչ թե հեռախոսով, այլ ընթացակարգեր»,- պատասխանեց Փաշինյանը։


Խամոյանն էլ արձագանքեց, որ եթե իշխանությունը կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունի, ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանը դեռ Ազգային ժողովում. «Եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր, նույն օրը դատախազն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացներ ԱԺ։ Հեռախոսի մասով, ձեր երբ պետք է լավ էլ հետաքրքրվում եք գործերով, անգամ եթե ԵԱՏՄ նիստին եք գտնվում, շշուկով հետաքրքրվում եք «Մարտի 1-ի» գործից, Քոչարյանից ինչ կա, ում նստացրին, ում բաց թողեցին։ Ինչո՞ւ գլխավոր դատախազը գործ չի հարուցել հովանավորչության մասով, ածանցյալ հարց՝ Արգիշտի Քյարամյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել»։


Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Իսկ ինչո՞ւ պետք է Հովիկ Աղազարյանն այստեղ նստած չլինի։ Ի՞նչ է տեղի ունեցել, դատավճի՞ռ է կայացվել, մարդու մեղավորություն է ապացուցվել։ Որ այդպես առաջնորդվենք ձեր խմբակցությունն էլ այստեղ պետք է նստած չլիներ՝ ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ քրեական գործերով։ Բա որ մենք ձեր հետապնդում ենք, Հայաստանում արդարադատություն չկա և այլն, բա ինչո՞ւ են ներկա։


Եթե կա հիմք, կհարուցեն, չի լինի հիմք, ապա չեն հարուցի, ուրիշ տարբերակ չկա։ Բոլոր դեպքերով կան կարգապահական վարույթներ, դրանց արդյունքներով կկայացնենք համապատասխան որոշումներ»։