ՊՎԾ պետին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. «Ժողովուրդ»

ՔՊ վարչության անդամ, պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են քննչական կոմիտեի ԱԱԾ վարչություն ու հարցաքննել: Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ տագնապի զգացողություն է ունեցել: Այս մասին գրում է ժողովուրդ» օրաթերթը՝ հղում տալով իր տեղեկություններին:


«Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված ու գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։


Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:


Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն, ռումբ դնելուց առաջ, SMS էին ուղարկել ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին՝ «Դեռ չե՞ք պայթել, այ….»: Եվ ահա այս հաղորդագրության համար էլ պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին հրավիրել են քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն՝ ցուցմունք տալու:


«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Ռոմանոս Պետրոսյանի ցուցմունքը՝ այս գործով արդեն դատարան գնացած:


Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի պաշտոնյան պայթեցման գործի վերաբերյալ, Պետրոսյանը պատասխանել է:


«Սույն թվականի փետրվարի 21-ի առավոտյան՝ ժամը 08:00-ի սայմաններում, նկատել եմ, որ իմ ֆեյսբուքյան էջին կեղծ օգտատիրոջ կողմից՝ Ռուբեն Կասյան տվյալներով, հայհոյախառն հաղորդագրություն է ուղարկվել: Նույն օրը` 10:30-ի սահմաններում, հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջի կողմից եւս մեկ գրառում է կատարվել իմ ֆեյսբուքյան էջին, որով վերջինս պայթյունի մասին է հայտնել: Նշված գրառումը նկարել եւ պահել եմ:


2024 թվականի փետրվարի 22-ի երեկոյան լրահոսից տեղեկացել եմ, որ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել, այդ ժամանակ հիշել եմ նշված գրառման մասին եւ հայտնել եմ իրավապահ մարմիններին»:


Ստորեւ հարցերը եւ պատասխանները.


ՀԱՐՑ. Կարո՞ղ եք տրամադրել հաղորդագրության պատճենը:


ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, տրամադրում եմ հիշյալ կեղծ ֆեյսբուքյան էջից ստացած հաղորդագրության պատճենը:


ՀԱՐՑ. Ձեր անվամբ գրանցված նշված ֆեյսբուքյան էջը հասանելի՞ է հասարակության լայն շրջանակներին, եթե ոչ, ապա հաղորդագրությունն ուղարկած անձը ի՞նչ եղանակով է ուղարկել հիշյալ հաղորդագրությունը:


ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված էջը հասանելի է բոլորին:


ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստայնը, էդուարդ Արտավազդի Պետրոսյանը եւ Վահագն Երվանդի Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է, որ ճանաչում եք, ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ի՞նչ հարաբերությունների մեջ եք գտնվում վերջիններիս հետ:


ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակապես նշված անձանց չեմ ճանաչում, տվյալ անձանց մասին առաջին անգամ լսել եմ լրահոսից:


ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները վերը հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկել հենց Ձեզ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանձնահատուկ բան չեմ կարող նշել, որով պայմանավորված՝ նշված հաղորդագրությունները հենց Ձեր կողմից հիշատակված անձանց եւ ինձ ուղարկված լինեն: Ենթադրում եմ, որ մեր քաղաքական թիմի շատ ներկայացուցիչների ուղարկած կլինեն նման հաղորդագրություններ, բայց վերջիններս ուշադրություն չեն դարձրել դրանց: Իմ կարծիքով՝ մեր քաղաքական գործունեության պատճառով են ինձ եւ իմ գործընկերներին թիրախավորել:


ՀԱՐՑ. Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ մոտ տագնապ, անհանգստություն առաջացրե՞լ է, թե՞ ոչ:


ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ պահին որոշակի նման զգացողություն եմ ունեցել, բայց ոչ միայն իմ, այլ մեր ամբողջ քաղաքական թիմի վերաբերյալ տագնապի զգացողություն եմ ունեցել, իսկ լրահոսով պայթուցիկ սարքի լուրը ստանալուց հետո՝ տագնապի լուրը ահագնացել է, եւ ավելի իրատեսական եմ համարել սպառնալիքի իրագործումը:


ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Լիպարիտի Վանեսյան տվյալներով անձի, թե՞ ոչ:


ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:


ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքը, առողջությունը եւ գույքը վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:


ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառնալիքներ շատ եմ ստացել, սակայն հիշյալ սպառնալիքի նման, քանի որ այս հաղորդագրությունում խոսվում էր պայթյունի մասին, նմանատիպ սպառնալիք մինչ այդ չեմ ստացել, իսկ ինչ վերաբերվում է նախկինում իմ նկատմամբ նման ոտնձգություններ կատարելուն, ապա երբեք իմ նկատմամբ նման բան չի կատարվել»,– գրում է օրաթերթը։