Այդպես լիներ՝ պետք է բոլորս դանակն առնենք՝ Աղազարյանին դանակահարենք․ Քոչարյան

Երեկ տեղի ունեցած անախորժության փոքր կտորը լրատվամիջոցները վերցրեցին և այդ 7 ժամվա միջից առանձնացրեցին՝ մեր հասարակությանը հնարավորություն չտալով որպեսզի ինքը վայելի կատարված աշխատանքը, որովհետև անվտանգության մարմինները բոլորինս են և այդ մարմինների թերացումները վաղն անդրադառնալու է բոլորիս մաշկի վրա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։


«Մի քիչ էլ ինձ գովացեք, ես երեվա վիճակը կարողացա այնպես կառավարել, որպեսզի ոչ թե իրավիճակը չխորանա, այլև մտնենք նաև բովանդակային քննարկման փուլ։ Ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ։ Ազգային ժողովը ներկայացուցչական ամենաբարձր մարմինն է, ԱԺ-ում ով ասես, ինչ ասես կարող է խոսել։ ԱԺ-ն հենց խոսելու տեղ է։ Պետք է խոսել, լսել, հակադարձելուց էլ այնպես անել, որ անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք։ Պետական միջավայրը տղայական մոտեցումները մերժում են։


Ի վերջո, հատկապես ուժային մարմինների ղեկավարները բարեվարքություն ունենան, ի վերջո Աղազարյանը տարիքով է, մեծ է, դե Աղազարյանն է, որը մեզ էլ առավոտից իրիկուն միշտ անհարմար վիճակների մեջ է դնում, այդպես լիներ՝ պետք է բոլորս դանակն առնենք՝ Աղազարյանին դանակահարենք, բայց այդպես չի լինում։ Պատգամավոր է, իրավունք ունի նաև իր կարծիքնը սու կերպով արտահայտել, բայց չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման իր տղայի հետ կապված հոդվածների լեզվով, իմ համար դա ընդունելի չէ»,- ասել է նա։


Հարցին, թե արդյոք խմբակցությունում Քյարամյանի պահվածքը քննարկե՞լ է՝ նա պատասխանեց՝ դեռ ոչ։


«Բայց կարծում եմ՝ խմբակցությունը այս հարցերին անպայման անդրադարձ լինելու է»,-հավելել է Քոչարյանը։


Հարցին, թե պաշտոնից հեռացման մի ստորագրահավաք էլ կկազմակերպվի Քյարամյանի համար՝ Քոչարյանն ասաց, որ հնարավոր է դրա կարիքը չլինի։


Հիշեցնենք, երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը միջադեպ էր տեղի ունեցել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։