Ինչու Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը չմեկնեց Մոսկվա
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում՝ մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Ավելի վաղ, հայկական կողմը հայտարարել էր, որ մասնակցելու է ԱՊՀ գագաթնաժողովին, չհստակեցնելով սակայն թե պաշտոնյաներից ով է մեկնելու Մոսկվկա: Չմոռանանք, որ Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով։ Փաստորեն, ՀՀ վարչապետը հոկտեմբերին Ռուսաստանում կայանալիք երկու գագաթնաժողովներից միայն մեկին կմասնակցի: Չմոռանանք նաև, որ այս տարվա մայիսին Ռուսաստանում տեղի ունեցած երեք միջոցառումներից Փաշինյանը ևս մասնակցեց միայն մեկին:
ՀՀ վարչապետը ներկա գտնվեց մայիսի 8-ին տեղի ունեցած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին, չմասնակցելով մայիսի 7-ին կայացած Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը, ինչպես նաև մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի տարեդարձին նվիրված ռազմական շքերին: Փաշինյանի այս մարտավարությունը թույլ է տալիս արձանագրել, որ ՀՀ վարչապետը շարունակում է վերապահումով մոտենալ Ռուսաստանում անցկացվող քաղաքական միջոցառումներին:
Կարճ ասած, տարածաշրջանային, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով Փաշինյանը երևի թե չափից շատ է համարում մեկ ամսվա ընթացքում երկու անգամ Ռուսաստան մեկնելը: Հայաստանը մեծ հաշվով չի բոյկոտում ԱՊՀ և ԵՏԱՄ ձևաչափով հանդիպումները, միևնույն ժամանակ քայլեր չի ձեռնարկում հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիները հարթելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է․ լրացավ նրա 72-ամյակը։
Կրեմլից հայտնում են, որ Պուտինն իր ծննդյան օրը կնշի աշխատանքային միջավայրում: Այսօր Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստ, որի շրջանակներում էլ նախատեսված են Պուտինի հանդիպումներն ԱՊՀ ղեկավարների հետ։ Եւ ՌԴ նախագահն իր ծննդյան օրը կնշի նրանց հետ։