Հարիսը սիրաշաhում է ամերիկահայ ընտրողներին. հայտարարություն

ՀՀ անկախության օրվա առթիվ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է ուղերձ՝ ուղղված ամերիկահայությանը։ Դրանում Հարիսը աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաև նկատել է․ «մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը», ինչպես նաև՝ հանձնառու է «Հայաստանի և իր հարևանների միջև ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգող կայուն խաղաղությանը հասնելուն»: Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:


Անդրադառնալով փոխնախագահ Հարիսի հայտարարությանը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Որպես փոխնախագահ՝ Քամալա Հարիսը մի ամբողջ տարի ուներ գործելու Արցախի վերադարձի իրավունքի համար՝ ԱՄՆ առաջնորդությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի միջոցով, սակայն նա այս մասին սկսել է խոսել (ամերիկահայերի, ոչ թե ՄԱԿ-ի անդամ երկրների հետ) ընտրություններից միայն 40 օր առաջ, երբ հայ ընտրողները կարող են վճռորոշ լինել առանցքային «ճոճվող» նահանգներում: Հատկանշական է, որ փոխնախագահ Հարիսը, որի վարչակազմը զինել է Ադրբեջանի ցեղասպանական շրջափակումը և հարձակումը Արցախի վրա, մատ անգամ չբարձրացրեց և նույնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ․ Ադրբեջանի ագրեսիայի դեմ։


Նույնիսկ քարոզարշավի հռետորաբանության մակարդակով նա ոչ մի բառ չի ասել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական սպառազինությունն ու օժանդակությունը դադարեցնելու կամ այլ կերպ Բաքվին, իր հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Քաղաքական գործիչները՝ նախագահական թեկնածուները և այլն, չեն կարող դիրքավորվել որպես հայերի բարեկամներ՝ միաժամանակ հրաժարվելով պատասխանատվության ենթարկել Ալիևին կամ չկարողանալով զսպել ադրբեջանական ագրեսիան»։