Այսօր «Նոա»-«Փյունիկ» հանդիպման ընթացքում՝ Աբովյանի մարզադաշտում, դարձյալ անջատվել է էլեկտրականությունը
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Այսօր Հայաստանի առաջնության «Նոա»-«Փյունիկ» հանդիպման ընթացքում՝ Աբովյանի մարզադաշտում, դարձյալ անջատվել է էլեկտրականությունը: Իհարկե, ոչ կես ժամով, ինչպես շաբաթներ առաջ «Նոա»-ի եվրոգավաթային հանդիպման ընթացքում, բայց անջատվել է՝ մոտ 7-8 րոպե:
Եթե չեմ սխալվում, այդ մարզադաշտում, որը ՈՒԵՖԱ ֆինանսական աջակցությամբ, իբրեւ թե, հիմնանորոգվել է մի երեք-չորս տարի առաջ, սա էլեկտրականության անջատման արդեն հերթական դեպքն է:
Ընդ որում, «Նոա»-ի եվրոգավաթային խաղի ընթացքում անջատման կապակցությամբ հաղորդագրություն տարածեց ՀԷՑ-ը` ասելով, որ անջատման պատճառն իրենք չեն, այլ հենց մարզադաշտի ենթակայանը, որը գտնվում է մարզադաշտի տնօրինման ներքո:
Փաստացի ստացվում է, որ խնդիրը կա, մի քանի անգամ դրսեւորվել է խաղերի ժամանակ, այն էլ մեկը` եվրոգավաթային խաղի ժամանակ, ու այդ խնդիրը վերացված չէ:
Սա, իհարկե կապ չունի ֆուտբոլ խաղի հետ: Սրա կապը կառավարման պատասխանատվության եւ արդյունավետության հետ է, կամ ավելի շուտ՝ բացակայության հետ:
Եվ դարձյալ, այսօր կյանքի ոչ մի բնագավառում, այդ թվում ֆուտբոլում, չկան մանրուքներ: Ինդուստրիայի որակը կախված է ամենափոքր դետալից անգամ: Առաջընթացի գրավականը բծախնդրությունն է»: