Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման Թաթոյան

2023թ. սեպտմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։


«Այս զեկույցում մենք բացահայտել ենք, որ 2023թ. սեպտմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին: Ըստ այդ տակտիկայի էլ պլանավորվել են հարձակումների 4 ուղղությունները:


Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ցերեկը ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Դա էր պատճառը, որ բազմաթիվ մարդիկ չէին կարողանում գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին:


Սրանից բացի, ադրբեջանական զինված ուժերն անմիջապես ոչնչացրել են քաղաքացիական ենթակառուցվածքները, իրարից կտրել Արցախի 4 համայնքներն իրենց գյուղերով` Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Մարտակերտ: Արգելափակվել են անգամ գյուղական ու անտառամիջի ճանապարհները, որոնք կարող էին փրկության հնարավորություն տալ քաղաքացիական բնակիչներին:


Առաջնահերթ կտրել են կապը Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ու բնակավայրերի միջև, որպեսզի զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել ադրբեջանական հարձակումների մասին:


Ադրբեջանի իշխանությունը լավ հաշվարկել էր, որ Արցախի բնակչությունը չէր կարող լուրջ դիմադրություն ցույց տալ իրենց զինված ուժերին, քանի որ գտնվում էր հյուծված ու հուսահատ վիճակում. երկար ամիսներ առանց գազ, էլեկտրաէներգիա, ջուր, սնունդ և այլն: Ադրբեջանական հարձակումների հետևանքով սպանվեցին (նաև գերեվարվեցին) տասյակ քաղաքացիական բնակիչներ, այդ թվում` սպանվեցին երեխաներ: Բռնի տեղահանվեցին, ունեզրկվեցին ու հայրենազրկվեցին 100,000-ից ավելի հայեր:


Ողջ նկարագրվածը հիմնված է հայերի նկատմամբ ատելության և ռասիզմի ադրբեջանական պետական քաղաքականության վրա: Սանձարձակ հարձակումների պատճառը նաև անպատժելիությունն է գործած հանցանքների համար:


Ընդ որում, Արցախից բռնի տեղահանվածների հարցը քննարկելիս չպետք է մոռանալ նաև այն արցախահայության մասին, որոնք բռնի տեղահանվել էին 2020թ.` 44-օրյա պատերազմի հետևանքով»,-գրել է Թաթոյանը: