ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաձայն եմ բոլոր այն դիտարկումների հետ, որ սա իդեալական նախագիծ չէ․ Ավինյան

Ութ ամիս տևած մշակումից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: «32» կողմ, 13 «դեմ», 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ Երևանի ավագանին կողմ քվեարկեց քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին։


Ուստի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից վերջին ամիսներին մշակվել է մի նախագիծ, որը ներկայացվել է կառավարության մայիսի 30-ի նիստում, որը հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը ավագանու անդամներին ներկայացրեց, որ գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ: Նախագծում թարմացվել է մայրաքաղաքի ճանապարհափողոցային ցանցը։


«Անցած տարիներին կառուցվել էին որոշ ճանապարհներ՝ Մոնթե Մելքոնյան, Հյուսիս-հարավ և այլն, որոնք որևէ փաստաթղթում արտացոլված չէին ճիշտ հետագծով։ Ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք ներառվել են փաստաթղթերում»,- ասել է նա։


Ըստ Սեդոյանի՝ տրանսպորտային ցանցը մշակվել է նախորդ գլխավոր հատակագծի հիմնակմախքի վրա։


«Այն հատվածները, որոնք նախորդ փաստաթղթի ռազմավարական ծրագրերով չեն իրականացվել, բայց այսօր արդիական են, ներառվել են այս փաստաթղթում»,- ասել է նա։


Ըստ նրա՝ կառուցված ճանապարհները վերհանվել են թվային պլատֆորմներից ու տեղայնացվել կադաստրային քարտեզների հետ։


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ Երևանի գլխավոր հատակագծի հետ կապված հարցն առաջացել էր դեռևս 2020թ-ին, պրոցեսը դեռ 2018-19թթ․ սկսված պիտի լիներ, և քաղաքապետարանը պետք է այն ժամանակ հարցը լուծած լիներ։


«Համաձայն եմ բոլոր այն դիտարկումների հետ, որ սա իդեալական նախագիծ չէ։ Սա նախագիծ է փաստացի իրավիճակի և որոշ հեռանկարային ծրագրերի մասին, որը հիմք կարող է դառնալ GIS քարտեզներում արտացոլված գլխավոր հատակագծի շերտի համար»,- նշել է նա։


Անդրադառնալով կոռուպցիայի մասին ընդդիմադիրների հայտարարություններին՝ Ավինյանը նշել է. «Շատ կարևոր է, որ ամեն ասածի համար կարողանաս պատասխան տալ։ Կոռուպցիայի մասով ցաքուցրիվ մեղադրանքներն անպատասխանատու հայտարարություններ են։ Եթե կոնկրետ փաստով, դեպքով բան ունեք ասելու, ուրախ կլինենք լսել, որովհետև իմ, որպես Երևանի քաղաքապետի, առաջնային գործառույթներից մեկը կոռուպցիայի կանխարգելումն է»։


Ավինյանը նաև նշել է, որ շինթույլտվությունների հետ կապված ջանք ու եռանդ չի խնայել, որ փոփոխվեն իրենից առաջ եղած մեխանիզմները. «Մեր եկամուտների՝ մոտավորապես 17 մլրդ-ը գալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանքներից ու շինթույլտվություններից․ այսինքն, էդ մարդիկ օրինական գումար են վճարում քաղաքապետարանին»։ Նա առաջարկել է՝ կամ հասցեական ու կոնկրետ փաստեր հրապարակել, «կամ ջուր չծեծել»։


«Ընդհանրական, տարածական հայտարարություններ մի արեք, որովհետև դրանց դաշտում էնքա՜ն ասելիք կունենանք ձեր և ձեր թիմակից նախկին քաղաքապետի վերաբերյալ»,- ասել է նա։

Քաղաքականություն