Մաքգրեգորը մտադիր է առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում
UFC–ի պատմության մեջ առաջին կրկնակի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը, որը միաժամանակ երկու գոտի ունի (կիսաթեթևքաշային և թեթևքաշային կարգերում), հայտարարել է 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Իռլանդիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին։ Այս մասին նա հայտնել է X սոցցանցի իր էջում։
«Որպես նախագահ իշխանություն եմ ունենալու ինչպես հրավիրելու խորհրդարանի ստորին պալատը, այնպես էլ այն արձակելու։ Արդեն ասել եմ, որ ինձ պետք են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք Իռլանդիայի ժողովուրդը փափագում է ստանալ այս թալանչիներից, փոքր բիզնեսի և ընտանեկան արժեքների այս կործանիչներից։ Բարձր պաշտոններ զբաղեցնող խաբեբաները պատասխանատվության են ենթարկվելու», – նշել է Մաքգրեգորը։
UFC–ի նախկին չեմպիոնը հայտարարել է, որ Իռլանդիայի ժողովրդի միջից ակտիվ նախագահ է պետք, և իր թեկնածությունը նա «միակ տրամաբանականն» է համարում։
Իր վերջին մենամարտը Մաքգրեգորն անցկացրել է 2021 թվականի ամռանը UFC 264–ի շրջանակում ամերիկացի Դասթին Փորյեի դեմ։ Մենամարտն ավարտվել էր առաջին փուլով, երբ Մաքգրեգորը ոտքի կոտրվածք էր ստացել։ Այս տարվա հունիսի վերջին 36-ամյա Մաքգրեգորը երեք տարի անց պետք է վերադառնար օկտագոն (մրցագորգ), սակայն ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ նրա մենամարտը չեղարկվեց։ Մաքգրեգորը խառը մարտարվեստում իր կարիերայի ընթացքում տարել է 22 հաղթանակ և կրել 6 պարտություն։