Ո՞նց թողեցին, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվի. Քոչարյան

Ես բազմիցս նշել եմ Ռուբեն Վարդանյանի Արցախում հայտնվելու վտանգների մասին. ես հիմա էլ եմ կարծում, որ նրա Արցախ գնալն ունի առեղծվածային խնդիր, եւ դա առկա էր նաեւ իր գործողությունների մասով Արցախում մինչեւ վերջին պահը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:


«Ռուբեն Վարդանյանը մինչեւ վերջին պահը ասում էր՝ Արցախը երբեք չեմ լքելու, բայց նա, չգիտես ինչ հավաստիացումներից ելնելով, որոշեց, որ Լաչինի միջանցքով պետք է դուրս գա: Իմ պատկերացմամբ, այդ հավաստիացումները սխալ էին: Հիմա Ռուբեն Վարդանյանը պետք է կարողանա դատաքննության ժամանակ մեղադրանքները հերքի: Իսկ թե Հայաստանն ինչ է անում, վարչապետը ասուլիսում նշեց, որ գերիների վերադարձին վերաբերող գործողությունները չպետք է հանրայնացվեն»,-ասաց նա:


Անդրանիկ Քոչարյանը շարունակեց. «Ձեզ մոտ հարց չի առաջանում, որ գերեվարվեցին մարդիկ, որոնք մշտապես գտնվել են պաշտպանության տակ: Այդ պաշտպանողներն ինչո՞վ են զբաղված եղել, ո՞նց թողեցին, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվի: Նրանք կրում էին պետական գաղտնիքի ամենաբարձր մակարդակի տեղեկատվություն: Բոլոր այդ պաշտպանողները բարեհաջող սահմանը հատեցին եւ գտնվում են Հայաստանում: Հիմա ինչքան էլ ասեն, որ մենք կատարել ենք նրանց հրամանը, որ դուք գնացեք, մենք գնում ենք ինքնազոհողության: Այդպես չէ: Պետական պահպանության կառույցները պարտավոր են մինչեւ վերջին պահը իրենց առջեւ դրված խնդիրը լուծեն:


Քննիչ հանձնաժողովի աշխտանքի ժամանակ մենք կարողացանք լսել միայն Սամվել Շահրամանյանին, բայց եթե ժամանակը ներեր, պետք է ստանայինք պատասխանը, թե ինչպես նրանք գերեվարվեցին, որտեղ էին գտնվում, ինչ պայմանավորվածություններ կային ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարության հետ, գուցե ավելի բարձր մակարդակով»,- ընդգծեց Քոչարյանը՝ չբացառելով, որ գուցե եղել է պայմանավորվածությունների խախտում:


Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ունեին առաքելություն, որը վերաբերում էր յուրաքանչյուրի անվտանգությանը, առավել եւս քաղաքական ղեկավարության:

Քաղաքականություն