Օկամպոն Երևանում կքննարկի հայ գերիների ազատ արձակման հարցը
ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 13-ին Երևանում հանդիպում կունենա՝ Բաքվում պահվող հայ գերիներին ազատելու քայլերը քննարկելու նպատակով, հայտնում է Free Armenian Hostages նախաձեռնությունը։ «Մեր իրավունքն է աշխատել ադրբեջանական վարչակարգի կողմից պահվող հայ պատանդների ազատ արձակման համար։
Մենք դա կարող ենք անել նույնիսկ այն ժամանակ, երբ մոտենում է Բաքվում կայանալիք բնապահպանական գագաթնաժողովը, որը նախատեսված է մոտ ապագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին՝ Ibis Yerevan Center հյուրանոցում, որի մոդերատորը Մարկ Գրիգորյանն է։ Օկամպոյի շարժումը նպատակ ունի պայքարել կեղծավորության դեմ, համախմբել համաշխարհային հայ համայնքին և սկսել համաշխարհային արշավ՝ պահանջելով հայերի ազատ արձակումը: Նախաձեռնությունն ընդգծում է, որ Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ համաժողովը բացառիկ հնարավորություն կտա ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումների վրա։
«Մի երկրում, որտեղ օրենքի գերակայությունն անտեսվում է, և բռնապետական կառավարությունը քաղաքական դրդապատճառներով կամայականորեն կալանավորում է մարդկանց, խաղաղության և անվտանգության իդեալները քարոզող կազմակերպության համաժողովի անցկացումը տեղին չէ»,- եզրափակում է նախաձեռնությունը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ Դեկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ՝ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։