Ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Այս ընկերությունների իրական շահառուները կառուցապատողներ են կամ փոխկապակցված անձինք: Հիմա էլ նրանք փորձում են «տիրանալ» սարին՝ նախատեսելով Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում, որից հետո հարակից գյուղերը փոշու եւ ցեմենտի մեջ են հայտնվելու։ Տուժելու են գյուղատնտեսությամբ հայտնի մի քանի գյուղեր՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը։ Վեդիում ցեմենտի նոր գործարան կառուցելու ու Կարմիր սարը որպես հանք շահագործելու լուրերը հանգիստ չեն տալիս հարակից գյուղերի բնակիչներին։


Դեռ հուլիս ամսին հասունացած այս աղմուկից հետո ընկերությունները չեն հասել իրենց ուզածին։ Այգեզարդ համայնքում փաստացի բնակվող բնակիչների մեծամասնությունը դեմ է հանքի հնարավոր շահագործմանը: Չնայած բնակավայրում երեք հանրային լսում է կազմակերպվել՝ շատերն այդ մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ դրա դեմ ստորագրահավաք է սկսվել: Հավաքվել է 2300 ստորագրություն։


«Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը, ով դեմ է արտահայտվել այս որոշմանը, պնդում է, որ Կարմիր սարի տարածքում հանքարդյունաբերություն սկսելու նպատակով հանրային լսումները, փաստացի, կեղծվել են։


ՀԿ-ն պարզել էր, որ Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելու նպատակով հայտ է ներկայացրել մի քանի ընկերություն, իսկ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերությունն արդեն իսկ կազմակերպել է երեք հանրային լսում, Այգեզարդ համայնքի բնակիչները տեղեկացված չեն եղել լսումների մասին եւ չեն մասնակցել դրանց:


Բնապահպանները եւս նախօրեին ահազանգում էին եւ հիշեցնում, որ «Ընդերքի մասին» օրենքում նշված է. «որտեղ աճում կամ բնակվում են կարմիրգրքային տեսակներ, արգելվում է հանքարդյունաբերությունը»: