Վտանգավոր տուրբուլենտության դեպքերը գնալով ավելանում են
Օգոստոսի 28-ին United Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Կանկուն (Մեքսիկա) Չիկագո (ԱՄՆ) չվերթն էր իրականացնում հարկադրված վայրէջք է կատարել Մեմֆիսում (ԱՄՆ)՝ 7 հոգու վիրավորվելու պատճառով։ Boeing 737-900 ինքնաթիռը Լուիզիանայի նահանգում 9700 մետր բարձրության վրա ընկել է ուժեղ տուրբուլենտության գոտի:
Անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Մեմֆիսում, որտեղ ուղևորներից մեկը ոչ կրիտիկական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, մնացած տուժածները հրաժարվել են բուժօգնությունից։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 179 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ։
Այս դեպքը այս տարվա առաջին դեպքերից չէ։ Մայիսին ուժեղ տուրբուլենտության հետևանքով Singapore Airlines-ի Լոնդոնից Սինգապուր չվերթի մի ուղևոր զոհվեց, ևս 71 մարդ վիրավորվեց: Նույն ամսին Turkish Airlines-ի Ստամբուլ-Իզմիր չվերթում ուղեկցորդուհին կոտրել էր ողնաշարը։ Հունիսի վերջին Air Europa-ի Մադրիդից Մոնտեվիդեո չվերթի 30 ուղևորներ վիրավորվեցին:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ ըստ Ռեդինգի համալսարանի ուսումնասիրության, վերջին 40 տարվա ընթացքում ուժեղ տուրբուլենտության դեպքերն աճել են 55%-ով, ինչը կապվում է կլիմայի փոփոխության հետ:
Չնայած նման միջադեպերը համեմատաբար հազվադեպ են, դրանք մնում են կոմերցիոն թռիչքների ուղևորների և անձնակազմի վնասվածքների հիմնական պատճառը:
Աղբյուրը՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»