ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորած երիտասարդին սպանել էր ընկերը. իրավապահները մանրամասներ են հայտնել

Շաբաթներ շարունակ անհետ կորած համարվող 36-ամյա Իշխան Սիմոնյանի սպանության հանգամանքները բացահայտվել են. 3 անձի, այդ թվում սպանվածի կնոջը, մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին` ժամը 22։45-ին։ Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում էր ներկայացրել, որ հուլիսի 25-ին` ժամը 20։00-ին, իր ամուսինը` Իշխան Սիմոնյանը, դուրս է եկել տնից և ընկերների հետ ուղևորվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկ, ճանապարհին իջել է ավտոմեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և չի վերադարձել: Վերջինիս անհետանալուց շաբաթներ անց միայն նրա դին հայտնաբերվել է Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհի ձորակում։

Հանցագործությունը բացահայտվել է շուրջ 1 ամիս անց։

36-ամյա երիտասարդի սպանությունը կազմակերպել, դրան օժանդակել և իրականացրել են տուժողի 31-ամյա կինը, ինչպես նաև սպանվածին պատկանող պահեստում աշխատող 25 և 36 տարեկան երկու անձ։

«Քննությամբ պարզվել է, որ սպանության շարժառիթ է հանդիսացել նշված աշխատողներից մեկի՝ անձնական հարցի շուրջ Սիմոնյանի նկատմամբ ունեցած անբարյացկամ վերաբերմունքը: Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա գործընկերոջ և Սիմոնյանի հետ միասին, վերջինիս կողմից շահագործվող «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Գեղադիր բնակավայրի մոտ գտնվող սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը, Սիմոնյանի համար նախատեսված գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել և այն փոխանցել է Սիմոնյանին, որը խմելուց հետո վերջինս քնել է»,– ասված է հաղորդագրությունում։

Այդ ընթացքում 25-ամյա տղամարդը քարով երկու անգամ հարվածել է Սիմոնյանի գլխին: Համոզվելով, որ Ի.Սիմոնյանին սպանել է՝ 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ, դին տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Ջրվեժի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։

Հետո միասին հեռացել են նշված վայրից, ապա մաքրել ավտոմեքենայի մեջ մնացած արյունը՝ փորձելով թաքցնել հետքերը:

Քննությունը շեղելու նպատակով 25-ամյա երիտասարդը տուժողի հեռախոսներից մեկը թողել է պահեստում, իսկ մյուսն այլ վայր տեղափոխել։

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ սպանվածի կինը` տեղյակ լինելով հանցագործության մասին, հարցաքննվելիս իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն էլ հայտնում է, որ 25-ամյա երիտասարդն անհետ կորած Իշխան Սիմոնյանի ընկերն է, որը կապի մեջ է եղել նրա 31-ամյա կնոջ հետ։

25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` սպանության, 36-ամյա տղամարդու նկատմամբ՝ սպանությանը հանցակից լինելու, իսկ տուժողի կնոջ նկատմամբ՝ հանցանք կատարած անձին աջակցելու հոդվածներով, որոնք բավարարվել են և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։

25 և 36-ամյա մեղադրյալները կալանավորված են, իսկ 31-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։