2020-ից ի վեր ադրբեջանցիներն ավերել են հայկական պատմամշակութային 570-ից ավելի նմուշ
Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը Բաքվում, Նախիջևանում, Գանձակում ու Դաշտային Ղարաբաղի այլ բնակավայրերում սկսվել է դեռ Ադրբեջանական ԽՍՀ–ի կողմից, 1960-ական թվականներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի հիմնադիր տնօրեն և «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության պաշտպան» հասարակական կազմակերպության հիմնադիր, քանդակագործ Արթուր Գևորգյանը։
«Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, 2020թ–ի պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորների ձեռքին կային սմարթֆոններ, նրանք իրենց վանդալիզմը նկարահանում ու տեղադրում էին ինտերնետում։ Ադրբեջանի իշխանությունը, հասկանալով, որ գործ ունի ակնառու փաստերի հետ, որոնք քրեորեն պատժելի են միջազգային իրավունքի ատյանների կողմից, միանգամից արգելեց։ Բայց, անկախ դրանից, այսօր կա նաև տիեզերական նկարահանման հնարավորություն, որով կարելի է ցանկացած հատվածում տեսնել, թե ինչ է կատարվում»,– ասում է քանդակագործը։
Նրա տվյալներով` 2020 թ–ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից առաջ Արցախում ու հարակից շրջաններում ոչնչացվել են հայկական պատմամշակութային ժառանգության 250 և ավելի կոթողներ, մեծ մասը` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձաններ, իսկ պատերազմից հետո ադրբեջանցիներն ամեն շաբաթ 3-4 հուշարձան ու խաչքարեր են ոչնչացրել։
2020 թվականից հետո մինչ օրս ադրբեջանցիներն ավերել են հայկական պատմամշակութային ժառանգության 570-ից ավելի նմուշ։ «Փաստացի չկա մի շաբաթ, որ այդպիսի դեպքեր չարձանագրվեն։ Միակ բանը, որ մեզ մնում է այսօր` հավաքագրել այդ փաստերը և ներկայացնել միջազգային դատարաններ։ Միջազգային բոլոր ատյաններում բարձրացնել այդ հարցերը, և ոչ թե միայն ռուսական կողմին, այլև ընդհանրապես միջազգային հանրությանը ահազանգել և ճնշումներ պարտադրել», - ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք` ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային օգոստոսի 28-ի ասուլիսում Արցախում խորհրդային հերոսների հուշարձանների ոչնչացման մասին հարց էին ուղղել։ Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը Մեծ հայրենականի հուշարձանների պահպանման թեման պարբերաբար քննարկում է և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: