27 տարին լրացած քանի քաղաքացի է գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

27 տարին լրացած ՀՀ 38 քաղաքացի 532,5 մլն դրամ գումարի դիմաց ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվել են ՀՀ զինված ուժերի պահեստազորում: Այս մասին ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցմանը հայտնել են Պաշտպանության նախարարությունից:


«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2024 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-25-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ և 1.2-րդ մասերի կարգավորման շրջանակներում թվով 38 քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվել է 532 միլիոն 500,000 ՀՀ դրամ և վերջիններս, ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, հաշվառվել են ՀՀ զինված ուժերի պահեստազորում»,-ասված է ՊՆ պատասխան գրության մեջ:


Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ նշված 38 քաղաքացուց 3-ը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ մասի կարգավորման շրջանակներում վճարել են 2.5 մլն ՀՀ դրամ, իսկ 35-ը՝ նույն հոդվածի 1.2-րդ մասի կարգավորման շրջանակներում՝ 15-ական մլն ՀՀ դրամ:


Վերը նշված 38 քաղաքացուց 3-ը գտնվել են Հայաստանի Հանրապետությունում, իսկ 35-ը՝ արտերկրում:


Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1.1-րդ հոդվածը սահմանում է.


«27 տարին լրանալուց հետո մինչև 37 տարեկան արական սեռի քաղաքացիները «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում այլընտրանքային ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից»:


Նույն օրենքի 1.2րդ հոդվածը՝ «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրացած և սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչև 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ»:

Քաղաքականություն