Տպավորություն է, թե ավելի շատ մշակույթի նախարարություն է, ոչ թե Երևանի քաղաքապետարան. Իզաբելլա Աբգարյան

Երևանի քաղաքապետարանի կարգադրությունը, ըստ որի՝ մայրաքաղաքի տոնին նվիրված 15 հին ու սիրված երգերի նոր ձայնագրության ու նոր երգի համար բյուջեից ծախսվելու է 180 հազար դոլար, Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի կարծիքով լուրջ ռիսկերի մասին է խոսում։


«Հաշվի առնելով Երևանի առաջնային խնդիրները, նման քայլը խոսում է լուրջ ռիսկերի մասին։ Կարծում եմ՝ եթե ուսումնասիրություն արվի, չի բացառվում, որ անձնական շահ բացահայտվի»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Իզաբելլա Աբգարյանը։


«Մեկ տարի է՝ Տիգրան Ավինյանը քաղաքապետ է, եթե նայենք քաղաքապետարանի գործունեությանը, տպավորություն է, թե ավելի շատ մշակույթի նախարարություն է, քան Երևանի քաղաքապետարան, որը պետք է զբաղվի քաղաքացիների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների անխափան գործունեությամբ։ Փոխարենը կտեսնենք բազում համերգներ, բալետային ներկայացումներ, նաև դրսի խմբերի ֆինանսավորում»,–ասաց Երևանի ավագանու անդամը։


Նրա խոսքով, ավելի հեշտ է թվարկել այն ոլորտները, որոնցում խնդիրները որոշ չափով լուծվել են, քան այն ոլորտները, որտեղ լուրջ խնդիրներ կան։


«2018 թվականից Երևանում մեկնարկել է աղբի տեսակավորման ծրագիրը, սակայն մինչև հիմա մենք դոփում ենք նույն տեղում։ Մենք ունենք նշան շատ կարևոր քայլեր, որոնք պետք է իրագործել Երևանի համար՝ բակերի ոռոգման հարցը, խնամքը, ունենք սանմաքրման հետ կապված լուրջ խնդիրներ, որովհետև ամոթալի կերպով նախնադարում ենք. դեռ ցախավելով կանայք են մաքրում փողոցները։ Այս ամենը թողնե՞լ մի կողմ և նման հարցերով զբաղվե՞լ։ Երբ նման հարցադրում արեցի, ինձ պատասխանեցին, որ այդ խնդիրների լուծման համար միլիարդներ են պետք, իսկ այստեղ 180 հազար դոլար է։ Խնդիրն այն է, որ չկա այն գիտակցությունը, որ միլիարդը բաղկացած է հազարներից»,–պարզաբանեց Իզաբելլա Աբգարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ