Ինչ ավերածություններ կլինեն Ստամբուլում ուժեղ երկրաշարժի դեպքում․ Թուրքիայում ռիսկերի գնահատում են արել
Թուրքիայի քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումը հայտարարել է՝ Ստամբուլում հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում հսկայական վնասներ կլինեն, քանի որ 1,5 միլիոն շենք-շինություններ սեյսմակայուն չեն․ երկրաշարժի դեպքում դրանց կեսից ավելին՝ 600 000-ը, կավերվի։
«Ավարտել ենք Ստամբուլի 39 շրջաններում ռիսկերի գնահատման գործընթացը և եկել եզրակացության, որ բնակֆոնդի մեկ հինգերորդը կամ մոտ 1,5 միլիոն շենք-շինություն չի համապատասխանում սեյսմակայունության պահանջներին։ Հնարավոր երկրաշարժի դեպքում դրանք կավերվեն՝ առաջին իսկ վայրկյաններին»,- Կուրումի խոսքերն է մեջբերել Yeni Şafak-ը։
Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ 17 միլիոնանոց Ստամբուլի 2,5 միլիոն բնակիչներ այժմ լուրջ վտանգի պայմաններում են ապրում։
Նշենք, որ սեյսմոլոգների կողմից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը շատ մեծ է գնահատվում՝ 47-ից 60 տոկոս։ Բազմիցս հրապարակված կանխատեսումների համաձայն՝ եթե տեկտոնական սալերի տեղաշարժ տեղի ունենա Մարմարա ծովի Կումբուրգազի տարածքում, ապա երկրաշարժի ուժգնությունը 7,2 մագնիտուդ կլինի, եթե դա տեղի ունենա Արքայազնների կղզիների շրջանում, ապա երկրաշարժի ուժգնությունը 7 մագնիտուդ կլինի, իսկ եթե սալերի տեղաշարժը միաժամանակյա լինի, ապա 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի կունենա։
1999 թվականի օգոստոսի 17-ին Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական սալերի հանգույցում գտնվող Ստամբուլի շրջանում 7,6 մագնիտուդով երկրաշարժից, պաշտոնական տվյալներով, մահացել էր 17,2 հազար մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ գրեթե 40 հազարը, ևս 45 000-ն էլ տուժել էին։
2023 թվականի փետրվարին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մահացել է այդ երկրի 50 000-ից ավելի բնակիչ: