ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի նախին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը կալանավայրից հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տևական ժամանակ է շինծու և ապօրինի մեղադրանքով գտնվում է անազատության մեջ։


Նա դատական քննության մեկ տարվա ընթացքում գրեթե հանդես չի եկել հրապարակային հայտարարություններով՝ հուսալով, որ ընթացող դատաքննությունը լույս կսփռի իրականության վրա։


«Սակայն այն, ինչ տեղի է ունենում դատական նիստերի դահլիճում, ի ցույց է դնում, որ դատավարության շղարշի տակ ընթացող գործընթացի նպատակը մեկն է՝ ամեն գնով ինձ պահել անազատության մեջ և վերջում հաստատել ինձ ներկայացված անհիմն մեղադրանքը, որն արդեն իսկ ամբողջությամբ փլուզվել է դատարանում»,– նշել է գեներալ–մայորը։


Հարությունյանն ընդգծել է, որ երկու անգամ առաջին ատյանի դատարանի երկու տարբեր դատարաններ փոփոխել են իր նկատմամբ կիրառված կալանավորումը և կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, սակայն վերաքննիչ քրեական դատարանը օրենքի կոպտագույն խախտումով կրկին իրեն կալանավորել է։


Նրա խոսքով` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իրեն անազատության մեջ պահելը պայմանավորում է նրանով, որ մեղադրանքի կողմի վկաները դեռևս չեն հարցաքննվել։ Սակայն հուլիսի 24-ի դատական նիստին, երբ ներկայացել են վերջին երեք վկաները, հանրային մեղադրողը միջնորդել է հետաձգել դատական նիստը` պատճառաբանելով, թե պետք է մասնակցի ինչ-որ քննարկման, իսկ դատարանը ընդունել է միջնորդությունը։


«Դատարանը հաշվի չառավ, որ վկաները ներկայացել են դատարան, իսկ ինձ շարունակական կալանքի տակ պահելը պայմանավորված է միայն նրանց հարցաքննությամբ, ընդառաջ գնաց հանրային մեղադրողին և հետաձգեց դատական նիստը։ Այս ամենը այլ բան չի թողնում մտածելու, որ նման ապօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար»,- գրել է նա։


Նշենք, որ Հարությունյանը մեղադրվում է նրանում, որ որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ զինված ուժերը զրկվել են ՀՀ–ի վրա անակնկալ հարձակմանը դիմակայելու հնարավորությունից։


Ըստ դատախազության` 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։


Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):

Պատահարներ