Թրամփը հայտնել է, որ Բայդենին ստիպել են հանել իր թեկնածությունը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հինգշաբթի ասել է, որ Դեմոկրատական կուսակցության առաջատար պաշտոնյաները կոշտ են գործել՝ ստիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հրաժարվել վերընտրվելու իր թեկնածությունից։
«Կարծում եմ, որ դա ինչ-որ պետական հեղաշրջում էր: Նրանք չէին ուզում, որ նա (Բայդենը) առաջադրվի: Հարցումներում նրա արդյունքները վատն էին, և նրանք կարծում էին, որ նա պարտվելու է...»,- ասել է Թրամփը Fox News-ի եթերում:
Նա նշել է, որ, ըստ իր աղբյուրների, շատ դեմոկրատներ Բայդենին վստահեցրել են, որ լավ են վերաբերվում իրեն։ «Բայց ես գիտեմ, որ կուլիսների հետևում նրանք կոշտ էին նրա հետ», - ասել է Թրամփը:
«Ես շատ մարդկանց գիտեմ մյուս կողմից (դեմոկրատների կողմից): Եվ ես գիտեմ, որ նրանք նրան ստիպել են դուրս գալ մրցապայքարից: Խոսքը Փելոսիի (Նախկին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսի), Օբամայի մասին է (ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամա) և այլ մարդկանց, ում տեսնում եք հեռուստացույցով»,- հավելել է նա։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց, որ լքում է նախագահական մրցապայքարը, բայց կշարունակի պաշտոնավարել: Բայդենը Դեմոկրատական կուսակցությանը կոչ է արել որպես նախագահի թեկնածու առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։ Հետագայում վերջինս ապահովեց բավականաչափ պատվիրակների աջակցություն Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու համար:
Դեմոկրատական ազգային կոմիտեն հայտարարել է, որ նախատեսում է նախագահի թեկնածու առաջադրել մինչև օգոստոսի 7-ը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։