Վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու․ Ավինյան
Երևանի քաղաքապետ, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի համար հասկանալի չէ, թե ինչ արժեքներ է դավանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը:
Քաղաքապետի համհասկանալի չէ նաև՝ արդյոք շարժման անդամները կիսում են ժողովրդավարական արժեքները։ Ավինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ Քաղաքապետը նշեց, որ ինքը վստահ է իր քաղաքական ուժի գաղափարախոսության վրա, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ «Վստահ գիտեմ մեր ուժի գաղափարախոսությունը՝ իմ և վարչապետի գաղափարախոսությունը։
Շատ բացահայտ է, թե մենք ում ենք ծառայում, ինչի համար ենք այս աշխատանքը անում, ինչ արժեքներով ենք առաջնորդվում, ինչ նշանակություն ունեն ժողովրդավարության արժեքները մեզ համար։ Ինձ համար հասկանալի չեն բեմում (խմբ․ խոսքը «Տավուշը հանուն հայրենքի» շարժման մասին է) գտնվող մարդկանց արժեքները։ Վստահ չեմ, որ նրանք ժողովրդավարության արժեքները կիսում են, վստահ չեմ, որ նրանց օրակարգն այս երկրի և այս երկրի ժողովրդի շահերից է բխում։Ես վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու, և մի օր, վստահաբար, ընդդիմությունն արդար ընտրությունների միջոցով հաղթելու է։ Բայց ես վստահ չեմ, որ այսօր կան այդ ուժերը, որոնք այդ նույն տրամաբանությունն ու ամենակարևոր, ամենաֆունդամենտալ արժեքը կիսում են»,-ասաց Ավինյանը։