Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշային գործակալությունը։


Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը գնահատվում է որպես բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ (արտատարածքային միջանցքի և Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ)։ Սակայն «Fitch» գործակալությունը հակամարտության սրացում չի ակնկալում՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ադրբեջանական զորքերը դեռևս մնում են Հայաստանի տարածքի առանձին հատվածներում, և երկու երկրների ուժերի միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել:


Աշխարհաքաղաքական կանխատեսումներում «Fitch»-ն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Գործակալության գնահատմամբ՝ չնայած Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների վատթարացմանը, տնտեսական կապերը մնում են շատ ամուր, իսկ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից՝ շատ բարձր:


«Fitch»-ը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ կրկնակի պատժամիջոցներ չի կանխատեսում և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կհետևի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

Քաղաքականություն