Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի համար պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժամանակ արած հայտարարության համար բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ): Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմին զայրացրել են հաղորդավարի՝ նավարկող թիմերի շքերթի ժամանակ ասած խոսքերը։
«Եվ, իհարկե, մեր հայ ընկերները․․․Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ»,- ասել է հաղորդավարը, երբ կադրերում հայտնվել են հայ մարզիկները։
Այս իրավիճակի ֆոնին ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են Փարիզի օլիմպիադայի բացման մասին բոլոր բացասական հրապարակումները:
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Օլիմպիական խաղերի պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 11–ին։