ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2024 թվականի Օլիմպիական ավանի «հակասեքս» մահճակալները ստվարաթղթից են

Փարիզ-2024 Օլիմպիադայի մասնակիցներից ոմանք լիովին հիացած են, իսկ ոմանք արդեն հասցրել են բացասական հույզեր ստանալ իրենց ժամանակավոր կացարանում մնալուց։ Պատճառը՝ ստվարաթղթե մահճակալներն են: Այս մասին հայտնում է sport24-ը:


Դրանք մեծ աղմուկ էին բարձրացրել նաև Տոկիո-2020-ում՝ դառնալով «մեմ»: Դրանց նույնիսկ անվանել են «հակասեքս մահճակալներ»։ Բարձրահասակ մարզիկները դժվարանում էին քնել այդ «մահճակալների» վրա, քանի որ  նրանք պարզապես չէին տեղավորվում դրանց վրա:


Փարիզ 2024-ին որոշել են հոգ տանել շրջակա միջավայրի մասին, ուստի բոլոր սենյակներում տեղադրել են նաև ստվարաթղթե մահճակալներ։ Ռուս թենիսիստուհի Ելենա Վեսնինան ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն դրանք։ Վերմակները հնարավոր է վերցնել, իսկ ահա մահճակալներն ու ներքնակները կվերամշակվեն։


Մահճակալների ամրությունը երկրորդ անգամ անընդմեջ ստուգել է սպորտային մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իռլանդիայից Ռիզ Մաքքլենագանը: Նշվում է` ամեն ինչ նորմալ է, կարող եք քնել և չվախենալ:


Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան հավաստիացրել է, որ մարզիկները գոհ են ստվարաթղթե մահճակալներից: Բայց դա հաստատ մասնակիցների հարյուր տոկոսը չէ, ոմանք նշել են դրանց անհարմարության մասին։


Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ մարզիկները կարող են ընտրել կոշտության տարբեր մակարդակների ներքնակներ՝ օգտագործելով հատուկ ծրագիր, որը սկանավորում է նրանց մարմնի ձևը:


Ֆրանսիացի ձյուդոյիստ Ջուլիեն Բրյուլարը նշել է. «Սա կատակ չէ, Օլիմպիական մահճակալը, ինչպես տեսնում եք, պատրաստված է ստվարաթղթից»:


Ավստրալացի ջրագնդակահար Թիլի Քիրնսն էլ իր հերթին հայտնել է. «Առաջին գիշերը ստվարաթղթե մահճակալների վրա. Ես պատրաստվում եմ կորցնել իմ մեջքը»:


Աթլետ Ուիթնի Թիի կարծիքով` «ստվարաթղթե մահճակալները շատ կոշտ են»:


Հարավաֆրիկացի ռեգբիիստ Լիբի Յանս վան Ռենսբերգն էլ հայտնել է. «Ի՞նչ է կատարվում օլիմպիական ավանի մահճակալների հետ: Պատրաստված է 100% վերամշակված նյութերի՞ց: Այսպես կոչված հակասեքսուալ մահճակալներ»:


Ֆիզիոթերապևտ Թիբո Բրուսարդը բացատրել է ստվարաթղթե մահճակալների բացասական հետևանքները և նշել, եթե մահճակալները մի փոքր ավելի քիչ հարմարավետ լինեն, մարզիկները կունենան քնի ավելի կարճ ցիկլեր և, հետևաբար, մի փոքր ավելի քիչ վերականգնում: Սա հատկապես խնդիրներ կստեղծի մարզիկների ապաքինման համար։


«Թե ինչ կլինի հետո, կախված կլինի յուրաքանչյուր մարդուց: Ոմանք կնախընտրեն ավելի ամուր մահճակալներ, մյուսները՝ ավելի փափուկ: Ոմանք կասեն, որ սա հիանալի է, քանի որ նրանք սովոր են կոշտ մահճակալին: Մյուսներն ասում են, որ դա այնքան էլ լավ չէ, քանի որ նրանք սովոր են փափուկ մահճակալին: Այսպիսով, ամեն ինչ կախված կլինի մարզիկի նախասիրություններից: Բայց ճիշտ է, որ, սովորաբար, չափազանց կոշտ մահճակալները հարմար չեն վերականգնման ու քնելու համար»,- նշել է ֆիզիոթերապևտը։