Ինչու ու ինչ ժամկետում են ազատվել աշխատանքից ավտոբուսի 167 վարորդները Երևանում. պարզաբանում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում տարվա սկզբից 167 վարորդների աշխատանքից ազատելու մասին քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը թյուրընկալման արդյունք է։ Լրագրողների հետ զրույցում ընկերության նորանշնական տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ իրականում այդ թիվը 1 տարվա կտրվածքով է տրվել քաղաքապետարանին։


Նշենք, որ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ում հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել էաշխատանքից։ Նա նշել էր, որ ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։


«Թյուրընկալում է եղել, մենք ներկայացրել էինք 2023 թվականի 6-րդ ամսից մինչև 2024 թվականի 6-րդ ամսվա տվյալները, որ աշխատանքից ազատվել է ավտոբուսի 167 վարորդ։ Նրանցից 4-ի հետ պայմանագիրը լուծարվել է մահվան պատճառով, իսկ 7 հոգու մենք ենք ազատել աշխատանքից, մնացածն իրենց դիմումի համաձայն են աշխատանքից ազատվել»,– ասաց ՓԲԸ տնօրենը։


Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան` Կիրակոսյանը շեշտել է, որ ազատման պատճառները տարբեր են. եղել են դեպքեր, որ պայմանագրի կետեր են խախտել, վարվելակերպի խնդիր է եղել, միջանձնային հարցեր են եղել, որոշ անձինք էլ վիրահատության խնդիր են ունեցել, աշխատանքն են փոխել։ Ինքը 2-3 անձի է աշխատանքից ազատել` մի դեպքում ոչ պատշաճ վերաբերմունք է եղել մաքրուհու նկատմամբ, մեկ այլ դեպքում էլ ավտոբուսի պարկում աշխատանքից հետո վարորդը ալկոհոլ է օգտագործել։


«Չեմ կարծում, որ պետք է վարորդին զգուշացնել պարկում ալկոհոլ չօգտագործելու մասին։ Ես այդ մարդու հետ շփվել եմ, հարցրել եմ պատճառը, բայց ինքն էլ ասաց` մինչ օրս որևէ մեկը չի զգուշացրել, որ պարկում չի կարելի խմել։ Մենք նման մարդկանց հետ չեն կարող ճանապարհ անցնել»,– ասել է Կիրակոսյանը։


Անդրադառնալով վարորդների պահվածքի վերաբերյալ ստացվող բողոքներին` ընկերության տնօրենը շեշտեց, որ վերջին շրջանում հաճախ են զանգում օդորակիչների մասով. մի մասը բողոքում է դրա միացրած, մյուս մասն էլ՝ անջատված լինելուց։ Դեպքեր են լինում նաև, որ բողոքներ են ստանում վարորդների ծխելու կամ կոպիտ պահվածքի վերաբերյալ. տեսախցիկներով ստուգում են ու պարզվում է, որ զանգն անտեղի է եղել։


Բողոքում են նաև վարորդները` ուղևորների կողմից կոպիտ ու անհարգալից վերաբերմունքի դեպքեր նշելով։


«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ում ընդհանուր հաստիքացուցակով կա 1614 վարորդի աշխատատեղ, բայց այս պահին լրացված է 1182-ը։ Կիրակոսյանը վստահեցրեց` թափուր հաստքիներն այս պահին համալրելու կարիք չունեն, քանի որ վարորդների թիվն այս պահին համապատասխանում է ավտոպարկում եղած տրանսպորտային միջոցների քանակին։