Դանակահարություն՝ Երևանում․ բանակից զորացրված երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց․ պայքարում են կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ժամը 12։35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է մի քաղաքացի։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արարատյան փողոցի 66 հասցեի մոտից «ձախ կողքի կտրած, ծակած» վերքեր ախտորոշմամբ։


Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ Շենգավթիի ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում, իսկ վիրավորը օրեր առաջ է զորացրվել և բանակի քեֆի մասնակցելիս են եղել, երբ տեղի է ունեցել վիճաբանությունը, որը շարունակվել է  դրսում և ավարտվել է՝ տուժածին դանակի մի քանի հարվածներ հասցնելով։ 


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործութան առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ 


Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Գագիկ Ղ․-ն է։