Ստեղծված իրավիճակը, ցավոք, մեծացրել է մեր անհանգստությունը․ Էրդողան

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները մեծացրել են Թուրքիայի անհանգստությունը Եվրոպայում իսլամաֆոբիայի աճի կապակցությամբ: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Մենք պարոն վարչապետ (Իսպանիայի Պեդրո - խմբ.) Սանչեսի հետ քննարկել ենք Եվրոպայում իսլամաֆոբիայի և այլատյացության դեպքերի աճող դեպքերը։ Ընտրություններից հետո Եվրախորհրդարանում ստեղծված իրավիճակը, ցավոք, մեծացրել է մեր անհանգստությունը», - ասել Է Էրդողանը Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


Կիրակի օրը Ֆրանսիայում անցկացված Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը (RN) ավելի քան երկու անգամ առաջ է անցել նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների կոալիցիայից՝ հավաքելով ձայների 31,36 տոկոսը:


Մակրոնը դրանից հետո հայտարարել է Ազգային ժողովի՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի լուծարման եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին երկու փուլով՝ հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին:


ԳԴՀ-ում Եվրախորհրդարանի ընտրություններում վստահ հաղթանակ է տարել Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների աջ կենտրոնամետ ընդդիմադիր դաշինքը (ՔԴՄ/ՔՍՄ, 30 տոկոս), երկրորդ տեղը զբաղեցրել է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը (ԱԴՀ, 15,9 տոկոս), իսկ կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատները (ԳՍԴԿ, 13,9 տոկոս) զբաղեցրել են միայն երրորդ տեղը:


Լինելով ԵՄ ամենախիտ բնակեցված երկիրը՝ Գերմանիան խորհրդարանում պատգամավորական տեղերի համար ամենաշատ մանդատներն ունի՝ 96։