«Հայբուսակի» ռեկտորը մի շարք անձանցից գումար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով
«Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
««Հայբուսակ» համալսարանի ռեկտորը և մի շարք աշխատակիցներ 2013 թվականից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանցից վարձավճար են վերցրել նշված համալսարանի Իջևանի մասնաճյուղ ընդունելու պատրվակով»,– ասված է հաղորդագրությունում։
Դատախազը 2024 թվականի մայիսի 6-ին «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Ս.Հ.-ի (Սուրեն Հարությունյան. խմբ) և մի շարք աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության հոդվածով։
2024 թվականի մայիսի 6-ին Ս.Հ.-ի կողմից վերականգնվել է հանցագործության արդյունքում տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է:
Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը 2024 թվականի հունիսի 10-ին միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարին՝ միջնորդագրում նշված կեղծ դիպլոմներն անվավեր ճանաչելու, «Հայբուսակ» համալսարան ՍՊԸ–ի լիցենզավորման իրավաչափության, գործող ռեկտորի պաշտոնավարումը դադարեցնելու հնարավորության հարցերը քննարկելու նպատակով: