Մեքսիկայում նախագահական ընտրություններում հաղթում է Կլաուդիա Շեյնբաումը

Մեքսիկայի նախագահական ընտրություններում կառավարամետ «Շարունակենք միասին պատմություն կերտել» կոալիցիայի թեկնածու Կլաուդիա Շեյնբաումը գլխավորում է Մեքսիկայի նախագահական ընտրությունները՝ հավաքելով ձայների գրեթե 58 տոկոսը՝ քվեաթերթիկների 10 տոկոսի մշակումից հետո: Հաշվարկի արդյունքները հեռարձակվում են Հանրապետության ընտրական ազգային ինստիտուտի YouTube-ի ալիքով։


Շեյնբաումը հավաքում է ձայների 57,9%-ը։ «Ուժ և սիրտ Մեքսիկայի համար» ընդդիմադիր դաշինքից նրա գլխավոր մրցակից Խոչիտլ Գալվեսը ստանում է ձայների 29,6%-ը։ Երրորդ տեղում Խորխե Ալվարես Մեյնսն է «Քաղաքացիական շարժումից», ում օգտին քվեարկել է ընտրողների 10%-ը։


Մեքսիկայի ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 58,8%-ը։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շեյնբաումը ստացել է ձայների ավելի քան 57%-ը, Գալվեսը` 30%-ից մի փոքր ավելի, Մեյնսը` 8%-ը:


Մեքսիկայում հունիսի 2-ին տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ։ Բացի նոր նախագահ ընտրելուց, քաղաքացիները քվեարկել են Կոնգրեսի ստորին պալատի 500 անդամների և 128 սենատորների օգտին: Տարածաշրջանային մակարդակով որոշվում է նահանգապետի ութ տեղերի և Մեխիկոյի քաղաքապետի պաշտոնի ճակատագիրը։


Ընտրացուցակներում կա ավելի քան 98,3 միլիոն մարդ։ Որպեսզի նման թվով քաղաքացիներ կարողանան հեշտությամբ քվեարկել, բացվել են ավելի քան 170 հազար ընտրատեղամասեր։


Կառավարության բարձրագույն պաշտոնի համար պայքարում են երեք քաղաքական գործիչներ. Նրանց թվում է գործող նախագահի իրավահաջորդ Կլաուդիա Շեյնբաումը «Շարունակենք միասին պատմություն կերտել» կոալիցիայից։ Նրա հիմնական մրցակիցը սենատոր Խոչիտլ Գալվեսն է աջակողմյան «Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» դաշինքից: Երրորդ թեկնածուն Խորխե Ալվարես Մեյնսն է «Քաղաքացիական շարժում» կուսակցությունից։

Քաղաքականություն