Աղի հանքում պետպատվեր են ձևակերպել և 4,5 միլիոն դրամ հափշտակել
Հանրապետական անձավաբուժական կենտրոնում (Աղի հանքում) շուրջ 4.5 մլն դրամի չափով պետական միջոցների առերևույթ հափշտակություն է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 2017-2022 թվականներին կենտրոնի տնօրենն ու երկու աշխատակիցները, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր են կեղծել, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարել։
Առանձին աշխատակիցներ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 20 անձանց տվյալներով կազմել են 526 կեղծ բժշկական պատմագրեր, որոնք որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայություններ, մուտքագրել են «ԱՐՄԵԴ» համակարգ և պետական բյուջեից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ստացել և հափշտակել շուրջ 4․5 մլն դրամ։
Համադրելով տվյալները՝ պարզվել է, որ որոշ դեպքերում անձինք առհասարակ բացակայել են ՀՀ-ից, սակայն նրանց կենսաչափական տվյալներով պետպատվերի շրջանակներում մատուցվել են բժշկական ծառայություններ:
Նախաքննության ընթացքում ընկերությունից առգրավվել և զննության են ենթարկվել նշված 20 անձանց վերաբերյալ բժշկական պատմագրերը:
Պարզվել է, որ որոշ դեպքերում էլ անձինք կենտրոնում բուժում ստացել են, սակայն ոչ թե «Արմեդ» մուտքագրված ժամանակահատվածում, այլ նույն տարվա ընթացքում, այլ ամիսների և օրերի:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունը շարունակվում է: