ՀՀ-ում պետք է քրեականացնել երեխաների թիրախավորումը. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կոչ է անում քրեականացնել ծնողների գործունեությամբ պայմանավորված երեխաների թիրախավորումը։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում բյուջեի քննարկման ժամանակ` դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և հետաքրքրվելով` արդյոք դրա համար կա՞ն բավականաչափ մեխանիզմներ։
«Մենք պետք է քրեական օրենսգիրքը խստացնենք և ծնողների գործունեությամբ պայմանավորված երեխաների թիրախավորման համար քրեական պատասխանատվություն սահմանենք` առանց որևէ մեղմացուցիչ հանգամանքների, և կապ չունի, թե այդ ծնողը կլինի ընդդիմադիր, թե իշխանություն, տաքսիստ, թե շինարար, ինձ հետաքրքիր չէ, նույնիսկ եթե ամենաչսիրածս մարդու երեխան է»,- ասաց Հովհաննիսյանը։
Անահիտ Մանասյանն իր հերթին նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի երեխայի լավագույն շահի համատեքստում, և կարևոր չէ, թե երեխայի ծնողներն ովքեր են։ Միաժամանակ նա նշեց, որ ամբողջ աշխարհում էլ քաղաքական գործիչների ընտանիքի անդամները սովորաբար թիրախավորվում են, իսկ թե այդ թիրախավորումը որքանով է կոշտ, կախված է հասարակության վարքագծից։
Նա հավելեց, որ այսօր հանրային խոսույթը համեմված է այնպիսի տեքստերով, որոնք պարունակում են անհանդուրժողականություն և ատելություն, և հաճախ թիրախավորվում են ոչ թե քաղաքական գործիչներ, այլ սովորական քաղաքացիներ։
«Այո՛, արարքը կարող է պատժելի լինել, եթե քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի տարրեր է պարունակում։ Բայց այստեղ պետք է շատ զգույշ ու զգայուն լինել, որպեսզի քրեական պատասխանատվությունը վրա հասնի բացառապես ամենածայրահեղ դեպքերում, հակառակ դեպքում կարող ենք հատել սահմանը և մտնել քաղաքական հետապնդման դաշտ»,- ասաց նա։
Հիշեցնենք` ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը դստեր ` Արփիի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Քաղաքացիներն Աննա Հակոբյանին դիմավորել էին «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, ցեղասպա՛ն», «Նիկո՛լ, թո՛ւրք» վանկարկումներով։ Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, 7 անձ է ձերբակալվել։ Նրանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրո...
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...
Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատավորը հրապարակեց վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ս...
Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կ...