Ադրբեջանը ձևափոխում է Արցախի պետական համալսարանի շենքը
Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական Համալսարանի շենքում: Ներկայումս Արցախի Պետական Համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ: Գրում է Monument Watch-ը:
Գլխավոր ճակատից արդեն իսկ հեռացվել է հայերեն «Արցախի Պետական Համալսարան» գրությունը։ Հավանական է, կհեռացվի նաև քիչ ավելի ներքև գտնվող «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը: Արցախի Պետական Համալսարանը հիմնադրվել է 1969 թվականին և սկզբնապես եղել է «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը», իսկ 1973 թվականին՝ ստացել ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի Պետական Մանկավարժական ինստիտուտ: Վերջին տարիներին համալսարանի շենքը Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից վերակառուցվել էր, ամրակայվել, կառուցվել էին նոր մասնաշենքեր:
Նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը՝ համալսարանն ուներ 5 ֆակուլտետ, 15 ամբիոն, շուրջ 3000 ուսանող և 200 դասախոս։ Համալսարանի գրադարանն ուներ ավելի քան 100 հազար կտոր գրականություն, հրատարակչություն, որտեղ հրատարակվում էին «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Արցախի համալսարան» պարբերականները: Համալսարանի բակում էր տեղադրված Արցախյան առաջին պատերազմում զոհված 75 ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանը:
Արցախի ամբողջական օկուպացիայից և հայաթափումից հետո դադարեց Արցախի Պետական Համալսարանի գործունեությունը՝ ոչնչացման վտանգի տակ թողնելով ամբողջ ժառանգությունը։ Ադրբեջանական կողմը «նոր համալսարանը» հիմնում է հայկական բնակչությունից զուրկ քաղաքում, համալսարանի ուսանողները պետք է գան Ադրբեջանի այլ շրջաններից, ինչի համար Ստեփանակերտի թաղամասերից մեկը հատկացվելու է նրանց որպես հանրակացարանային տարածք: Վերջին օրերին տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, որ համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները քանդվում են:
Մեր արձագանքը. Ստեփանակերտի 1969 թվականին հիմնադրված համալսարանի վերափոխումը, գրությունների ջնջումը, հարուստ գրադարանի և ենթակառուցվածքների նպատակամիտված ոչնչացումն Ադրբեջանի հայկական հետքի վերացման ծրագրային քաղաքականության հերթական փուլն է։ Այն՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թվականին ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի խախտում է:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրո...
Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կ...
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...
Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատավորը հրապարակեց վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ս...