Ցանկացած փորձ ամենածանր հետևանքներն է ունենալու հենց ՀՀ-ի համար․ ՌԴ-ից հայտարարություն են արել

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով, ՌԴ-ն կաշխատի Հանրապետության ցանկացած իշխանության հետ, գլխավորն այն է, որ այնտեղ մարդկային զոհեր չլինեն, հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Հերթական բողոքի ակցիաները սկսվել են մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարբեր մարզերում։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Տավուշի մարզի շրջանում Բաքվի և Երևանի միջև սահմանի համաձայնեցման պատճառով»,-գրել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։


Ջաբարովի խոսքով՝ Ռուսաստանում ուշադիր հետևում են իրավիճակին, քանի որ Հայաստանը «մեր գործընկերն Է ՀԱՊԿ-ում, թեև նրանք վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում այդ կառույցից դուրս գալու մասին»: Բացի այդ, նա Եվրասիական տնտեսական միության անդամ է։ «Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և ընտրություններից հետո, և ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նա բավականին ամուր դիրքեր ունի», - գրել է օրենսդիրը։


«Մենք շահագրգռված ենք, որ հանրապետությունում կայունություն լինի։ Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ։ Գլխավորն այն է, որ այնտեղ մարդկային զոհեր չլինեն», - նշել է Ջաբարովը։


Սենատորն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ասում է, որ «մենք Հայաստանի բնական դաշնակիցներն ենք և հույս ունենք, որ ապագայում էլ կմնանք»:


«Մեզ բախելու ցանկացած փորձ ամենածանր հետեւանքներն է ունենալու հենց Հայաստանի համար, քանի որ հայերը Ռուսաստանից ավելի հավատարիմ դաշնակից չունեն», - եզրափակել է նա:


Մայիսի 9-ից Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացի դադարեցման և մի շարք սահմանամերձ տարածքներ ադրբեջանական կողմին հանձնելու պահանջով: Բողոքը գլխավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Քաղաքականություն