ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապրանքը լրիվ փչացրել է․ 500 կիլոգրամի միս եմ դեն նետել․ ինչ իրավիճակ է Լոռիում

Երեկոյան 500 կիլոգրամի միս էի բերել խանութ, առավոտյան լրիվ թափեցի։ Այս մասին NEWS.am-ին պատմել է Ալավերդու բնակիչը, որի խանութը Դեբեդի վարարման հետևանքով մեծ վնասներ է կրել։


«Իրիկունը միս էի բերել, առավոտը 500 կգ միս եմ դեն նետել։ Գիշերը չէինք կարող գալ էստեղ։ Մոտ 230 կիլոգրամանոց ցուլ եմ բերել, 3 հատ խոզ ու 2 հատ գառ։ Ջուրը բերել ավազ, ծառ, քար մեջը լցրել էր»,- պատմել է նա։


Մյուս խանութի տերն ասել է, որ խանութի 50 տոկոսը ջուր է եղել․ «Ապրանքը լրիվ փչացրել է։ Ժամը 2-ից հետո նկատել եմ, բայց ոչինչ չենք կարողացել անել։ 12-ի սահմաններում նոր կարողացել ենք մոտենալ»։


Ալավերդու մյուս բնակիչն էլ փորձում էր օգնություն ցուցաբերել տուժած մարդկանց․ «Մինչև ճոպանի տակը ջուր էր, անցում չկա, սաղ ջուր ա։ Մինչև ճանապարհի կեսը տարել է։ Գետի ափին օբյեկտներ կային, սաղ տարել է»։


Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։