Էստոնիայի նախագահը խոստացել է «ծնկի բերել» Պուտինին և Ռուսաստանին
Անհրաժեշտ է «ծնկի բերել» Ռուսաստանին, որպեսզի կանգնեցվի նրա «ռազմական մեքենան» եւ ավարտվի պատերազմն Ուկրաինայում, հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։
«Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի Ռուսաստանին Պուտինին ծնկի բերենք։ Այդ ժամանակ կարող են սկսվել լուրջ բանավեճեր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին»,- ասել է Կարիսը Yle-ի հարցազրույցում։
Նա հրաժարվել է մեղադրել բոլոր ռուսաստանցիներին այն բանում, որ Ռուսաստանը երկու տարի առաջ ներխուժել է Ուկրաինա, իսկ Պուտինը մինչեւ այժմ գտնվում է իշխանության ղեկին։ Կարիսը հիշեցրել է Էստոնիայի վերջին ժամանակների պատմությունը, երբ երկիրը փաստացի օկուպացված էր Խորհրդային Միության կողմից։ «Ինչպե՞ս էինք մենք մեզ պահում նման համակարգի ճիրաններում։ Այո, եղել են որոշ ընդվզողներ, որոնց բանտ էին նստեցնում։ Սակայն մարդկանց մեծ մասն ասում էր այն, ինչ ցանկանում էին լսել, եւ սպասում էին հարմար առիթի»,- նշել է Էստոնիայի նախագահը։
«Կարիսը կասկած է հայտնել, որ Ռուսաստանն արագ կփոխվի Պուտինի հեռանալուց հետո։ «Ես այնքան էլ դրան չեմ հավատում։ 1990-ականների սկզբին Ռուսաստանն ստացավ իր շանսը, բայց ամեն ինչ այլ կերպ ընթացավ»,- ընդգծել է Էստոնիայի նախագահը։ Նրա խոսքով՝ փոփոխությունների համար անհրաժեշտ են մի քանի գործոններ, որոնցից ամենակարեւորը այդ հնարավորությունից օգտվելու մարդկանց ցանկությունն է։
«Գուցե ստիպված կլինենք դիմանալ էլի ոչ քիչ ռուս ղեկավարների՝ մինչեւ ինչ-որ բան սկսի կատարվել»,- ասել է Կարիսը։ Հենց դրա համար էլ, նրա կարծիքով, անհրաժեշտ է մշտական ճնշում Ռուսաստանի վրա Արեւմուտքի կողմից, որպեսզի անգամ հասարակ ռուսաստանցիները հասկանան, որ պետք է ինչ-որ բան անել։
Էստոնիան առայժմ չի պատրաստվում հետեւել հարեւան երկրների օրինակին եւ փակել սահմանը Ռուսաստանի հետ։ Ինչպես նշել է Կարիսը, սահմանը բաց է այդ թվում նաեւ այն պատճառով, որ Էստոնիայում ապրող մարդիկ հարազատներ ունեն Ռուսաստանում։ Բայց անհրաժեշտության դեպքում սահմանը կփակվի «շատ արագ», խոստացել է Էստոնիայի նախագահը։