Այսօր դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են․ ՇՄՆ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը՝ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի-Տավուշ հատվածում 40-55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40-60%-ը։ Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից։ 


Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։


Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։

Այսպես՝

Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, մինչդեռ նախորդ օրը երեկոյան այն կազմել է 119 մ3/վ,

Ձորագետ-Գարգառ դիտակետում ջրի ելքը կազմել է 350 մ3/վ, նախորդ օրը 73.5 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ նախորդ օրը 16.6 մ3/վ։

Դեբեդ գետի ավազանում ջրի նման բարձր ելքեր դիտվել են 1959 թվականին մայիսի 19-ին` Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 759 մ3/վ, Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 395 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում՝ 112 մ3/վ։


Արդյունքում ստացվում է որ նշված դիատկետերում մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։


Այս տարվա մայիսը աչքի է ընկնում առավել ակտիվ ցիկլոնային գործունեությամբ, որը հանրապետության ողջ տարածքում ուղեկցվում է ինտենսիվ անձրևներով, ուժեղ կարկտահարություններով և ցածր ջերմային ֆոնով։


Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Հանրապետության ողջ տարածքի համար այս մայիսը կարող է դառնալ օդերևութաբանական պատմության մեջ ամենախոնավը։ Այսօր հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։


Մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։


Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին, մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։


ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հետևում է իրավիճակին և ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։