Երևանի ավագանու նախկին անդամին առևանգելու վարույթը կարճվել է. նոր քրգործ է հարուցվել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի նախկին անդամ Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է, նոր քրեական վարույթ է նախաձեռնվել սուտ մատնության հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նարինե Հայրապետյանը հունվարի 17–ին հաղորդում էր ներկայացրել, որ հունվարի 15–ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Թոթովենց փողոցի 6/7 հասցեի դիմացից մի խումբ անձինք առևանգել են իրեն։ Նա նշել էր, որ իրեն ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել աչքերը և տեղափոխել անհայտ վայր։ Հետո նրա հետ հանդիպել է մոտ 60-65 տարեկան տղամարդ, որի հետ իր քաղաքական գործունեության հետ պայմանավորված, զրույց է ունեցել։ Այնուհետև նույն անձինք իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից ու հեռացել:
ՔԿ–ից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդու առևանգումը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննություն։
«Կատարվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ վերծանումներ, տեսագրությունների զննություն, բազմաթիվ վկաների, այդ թվում` Նարինե Հայրապետյանի կողմից որպես առևանգման վայր նշված հասցեի մոտակայքում գտնվող օբյեկտների աշխատակիցների, հարցաքննություն։ Բացի տուժող Նարինե Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդումից, ձեռք չի բերվել որևէ ապացույց կամ փաստական տվյալ, որով կհիմնավորվեր Նարինե Հայրապետյանին առևանգելու հանգամանքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Նարինե Հայրապետյանը 2024թ․ հունվարի 19-ին՝ ժամը 17:26-ին, Հայաստանից մեկնել է ՌԴ և չի վերադարձել։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ առևանգման որևէ դեպք տեղի չի ունեցել, որոշվել է կարճել քրեական վարույթը։
Հաշվի առնելով, որ ի հայտ են եկել այլ ենթադրյալ հանցանք կատարելու՝ սուտ մատնության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որով իրականացվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին. խոսնակ
Այսօր ժամը՝ 21:00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապ...
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը. Գառնիկ Դանիելյան
Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պա...
Հայաստանում ՌԴ-ի դեսպանը կանչվել է Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյ...