3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է

Մայիսի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բնակարանի պատուհանից վայր ընկնելու հետևանքով «ԳՈՒՏ պոլիտրավմա՝ հարցական» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:


Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 3-ամյա Լ․ Ն․-ն է, որը մեկ օր հետո «կատատրավմա, ծոծորակոսկրի, կոնքի, ստորին վերջույթի առաջին մատի կոտրվածք, թոքի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:


Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխան մարմնական վնասվածքները ստացել է իրենց բնակարանի ննջասենյակում առկա մահճակալին կանգնելու, պատուհանը բացելու և պատուհանից դուրս ընկնելու հետևանքով: Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։