Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաների մասնակիցներից մեկի կողմից ապօրինի կերպով սառը զենք պահելու և կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


2024 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 18։20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ-Բուզանդ փողոցների միջնամասում գտնվող «Խաչքարերի պուրակ» կոչվող հատվածից սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, ում մոտից հայտնաբերվել է 60սմ շեղբի երկարությամբ պատյանով սուր։


Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել է, որ բողոքի ակցիայի հիշյալ մասնակիցը 3 օր, մասնակցելով Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքներին, կրել է երկարաշեղբ սառը զենք հանդիսացող սուր:


Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:


Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: