Սպանություն՝ Երևանում. տղամարդուն դանակահարել են

Երեկ՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ն.-ն է: Ըստ բժիշկների հայտնածի՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հատվածում դանակահարված», անգիտակից վիճակում, արձանագրվել է սրտի կանգ:


Իրավապահները պարզել են, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ:


Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:


Քաղաքականություն