Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ ապրիլի 24-ին Ազատության հրապարակին հարող տարածքում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակցի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։


ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ 2024թ․ ապրիլի 24-ին Ազատության հրապարակում «ԱԺԲ» կուսակցության կողմից տեղի է ունեցել հանրահավաք, որին հաջորդող երթի ժամանակ, Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում կուսակցության աջակիցները անօրինական կերպով փակել են ճանապարհահատվածի երթևեկելի հատվածը։


Ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհը բացելու օրինական պահանջ ներկայացնելուց հետո՝ երթևեկությանը խոչընդոտող անձանց վարչական ձերբակալում իրականացնելու ընթացքում, հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին:


Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հիշյալ կինը ձերբակալվել է:


Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ, զննության են ենթարկվել առցանց ռեսուրսներով հեռարձակված՝ դեպքի պահն արձանագրող տեսագրությունները, կատարվել են անհրաժեշտ այլ քննչական գործողություններ։


Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ