ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծի ենթարկված քաղաքացին տեղափոխվել է Քննչական կոմիտե
Օրեր առաջ հանրային տրանսպորտում ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանություն ունեցած Սամվել Վարդանյանը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե։
Մինչ այդ Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայրում էր (ՁՊՎ), քանի որ պատգամավորի հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար քրեական գործ է հարուցվել (առերևույթ խուլիգանության հատկանիշներով)։
Հիշեցնենք` ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցնում ՔՊ պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց էր սկսվել։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է։
Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց` Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։ Նրա տաբատին, ծնկների հատվածում խոտերի հետքեր են եղել, ճակատը, աջ ձեռքն այտուցված են եղել, ձախ ունքն էլ վնասված է եղել` արյան զեղման հետքեր են եղել։ Ուսին ու ձեռքին էլ քերծվածքներ են եղել, նաև թքել են երեսին։ Այդ ամենը տեղի է ունեցել Երևանի քննչական վարչությունից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, Վարդանյանի ձեռքերը շղթայված են եղել։