«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողը հրաժարվել է ընդունել մեղքը

Դիլովար Իսլոմովը, ով մերձմոսկովյան «Կրոկուսի» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված քրեական գործով մեղադրյալներից է, մեղքը չի ընդունում։ Այս մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբանը։


Այսօր՝ ապրիլի 10-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել Իսլոմովի կալանքը, Բասմանի շրջանային դատարանի որոշումը՝ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու մասին, թողնվել է առանց փոփոխության։


Հետաքննությունը պնդում է, որ Դիլովար Իսլոմովը եղել է Renault Symbol մեքենայի վերջին սեփականատերը, որով հարձակվողները մարտի 22-ին ժամանել են Crocus City Hall։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ սպասվող հարձակման մասին գիտեին Դիլովար Իսլոմովը, նրա եղբայր Ամինչոնը և նրանց հայր Իսրոյլը, ովքեր նույնպես ձերբակալվել էին ահաբեկչության հետ կապված։ Ամինչոնը և Իսրոյլ Իսլոմովը չեն ընդունում իրենց մեղքը։


Մարտի 22-ի երեկոյան զինված անձինք ներխուժել են Crocus City Hall և կրակ բացել համերգասրահի այցելուների և աշխատակիցների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 144 մարդ, վիրավորվել՝ 551-ը։ Գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ չորս ենթադրյալ հանցագործներ:



Քաղաքականություն