Եթե չենք պատասխանել, նշանակում է՝ դրա մեջ մեծ վտանգ չենք տեսել. Քոչարյանը՝ կրակոցների մասին

Այն կրակոցները, որոնք հիմա դուք ներկայացնում եք, այն մշտական կրակոցների տրամաբանության մեջ են, որը ոչինչ չի ասում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 


Նա նաև շեշտեց, որ իրենք մտահոգված են ցանկացած կրակոցով, բայց դրանք ոչինչ չասող են։


«Նույնիսկ կարող եմ ասել, թե քանի կրակոց է եղել, բայց չեմ ասի, քանի որ դա կսկսեն շահարկել։ Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանել, նշանակում է՝ դրա մեջ մեծ վտանգ չենք տեսել։ Կրակոցի փաստը գյուղերի ուղղությամբ արձանագրված չի։ Մենք չենք ուզում վախեցած երևալ»,-ասաց նա։


Քոչարյանի խոսքով՝ անհանգստությունները պետք է փարատել ոչ թե ամպագորգոռ հայտարարություններով, այլ աշխատանքներով։


Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի այն գնահատականին, թե հնարավոր է՝ կրակոցները վերածվեն լայնամասշտաբ գործողությունների՝ Քոչարյանը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է. «Սակայն, այս կրակոցները չեն տալիս նման գնահատական անելու տրամաբանություն։ Եթե լայնամասշտաբի բան լինի, մենք պետք է մեր այսօրվա գործը չթողենք վաղվա օրվան, որպեսզի դիմակայենք դրանց»։


Լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, որ սահմանազատման հետ կապված հարցերը քննարկվում են Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, իսկ ԳՇ-ի կարծիքը պետք է լինի առաջնային՝ նման աշխատանքների կազմակերպման համար։ 


Նրա խոսքով, առանց Զինված ուժերի կարծիքի՝ նման աշխատանքների կազմակերպումը կլինի անհնար։


Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ 10 օրից նորից կհանդիպի նրանց, սակայն արդեն 15 օրից ավելի է անցել՝ Քոչարյանը պատասխանեց. «Եթե վարչապետը խոստացել է, կարծում եմ՝ նա նկատի կունենա՝ հաշվի առնելով նաև իր զբաղվածությունը։ Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել»։

Քաղաքականություն