ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում հայ ֆուտբոլիստը մահվան ելքով վրաերթի է ենթարկել երկու մրադու

Ֆուտբոլիստ Արմեն Ֆիշյանը ՌԴ Ստավրոպոլի երկրամասում մահացու ելքով վրաերթի է ենթարկել երկու մրադու՝ ճանապարհային ոստիկանության աշխատակցին և մեկ այլ վարորդի, որին ոստիկանը կանգնեցրել էր:


Վրաերթից հետո Ֆիշյանը Գելենդվագեն մեքենայով փախուստի է դիմել դեպքի վայրից:


Նրան ձերբակալելու համար իրականացվել է հատուկ գործողություն:


Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ի առավոտյան։ Ինչպես պարզել է SHOT թելեգրամյան ալիքը, դարպասապահ Արմեն Ֆիշյանն իր ամենագնացով ուղևորվում էր Միներալնիե Վոդիի ուղղությամբ։ Մայրուղու 284-րդ կիլոմետրում նա հարվածել է ոստիկանության լեյտենանտին և «Պրիորա»-ի վարորդին, որին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել էր՝ տուգանք նշանակելու համար։ Հարվածի հետևանքով երկուսն էլ մահացել են։


Սրանից անմիջապես հետո Ֆիշյանը դեպքի վայրից փախել է, սակայն 60 կիլոմետր անց նրան բերման են ենթարկել։ Ձերբակալության ժամանակ նա պնդել է, որ ոչ մեկին չի հարվածել։ Նրա դեմ գործ է հարուցվել «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու» հոդվածով, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։


Արմեն Ֆիշյանը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների նախկին դարպասապահն է։ Տարիների ընթացքում հանդես է եկել «Փյունիկի» երիտասարդական թիմում և «Միկա» ակումբում։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2016թ.: Դրանից հետո նա խաղացել է մինի ֆուտբոլի ակումբներում։