Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային: Որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում։


ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված շուրջ 1,5 միլիոն մարդու սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։

Կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով 19 մլն դրամ կհատկացվի հումանիտար բեռի համար։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս հարցում պայմանավորվածություն ունենք Եգիպտոսի կառավարության հետ։ 


«Այնտեղ լոգիստիկայի հետ կապված հարցեր կային, և մենք այս հումանիտար աջակցությունը հենց Գազայի բնակչությանը հասցնելու հարցում նաև Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, և այցի ընթացքում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որովհետև իրադրության պատճառով չենք կարող բեռը հասցնել ուղիղ՝ հենց Գազայի գոտի և հենց շահառուներին»,- ասաց նա։


Փոխնախարարը հավելեց, որ Եգիպտոսի կառավարության հետ բոլոր պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, բեռը կուղարկվի այնտեղ, և Եգիպտոսից կօժանդակեն, որ այն հասցվի Գազայի բնակչությանը։