«Հիստերիայի և մոբիլիզացիայի ներքին աստիճանը ՌԴ-ում կարող է բարձրացվել». Անդրեյ Յուսով

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը նշել է, որ ռուսական կողմի տարածած վարկածն այն մասին, թե Մերձմոսկվայում ահաբեկչություն իրականացնողներն իբր փախել են Ուկրաինայի կողմը, չի դիմանում ոչ մի քննադատության:


«Դրա համար պետք չէ անվտանգության հարցերով փորձագետ լինել։ Ավելի քան երկու տարի շարունակվում է լայնամասշտաբ պատերազմը, սահմանամերձ տարածքները հագեցած են թշնամու զորքերով, հատուկ գործակալներով, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներով, ուժայիններով։ Սահմանագիծն ականապատված է, դիտարկումն իրականացվում է բոլոր միջոցներով, ներառյալ օդային հետախուզությունը, երկու կողմից։ Այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Բելգորոդը և Կուրսկը, ընդհանուր առմամբ, այժմ ակտիվ ռազմական գործողությունների գոտի են վերջին իրադարձություններից հետո: Եվ, իհարկե, այդ վարկածը չի դիմանում քննադատությանը, դա հասկանում են աշխարհում բոլորը, բացի, հնարավոր է, ռուս բնակչությունից», - հայտարարել է Յուսովը։


Նա հիշեցրել է, որ ռուսական հատուկ ծառայությունները սեփական տարածքում ահաբեկչությունների կազմակերպման պատմություն ունեն:


«Այժմ կան բոլոր նշանները, որ մենք գործ ունենք ռուսական հատուկ ծառայությունների հենց նման գործունեության հետ։ Հաջորդը, ամենայն հավանականությամբ, կլինի հիստերիայի սրում, քաղաքացիական իրավունքների և ազատությունների նույնիսկ ձևական մնացորդների վերացում», - ասել է նա։


Միևնույն ժամանակ, Յուսովը նշել է, որ դա նկատելի ազդեցություն չի ունենա պատերազմի ընթացքի վրա:


«Ագրեսոր պետության տարածքում մոբիլիզացիոն միջոցառումները ոչ մի օր չեն դադարել։ Ուստի գլոբալ առումով դա ոչ մի բանի վրա չի ազդի։ Բայց, այո, հիստերիայի և ներքին մոբիլիզացիայի ներքին աստիճանը Ռուսաստանում իսկապես կարող է բարձրացվել, չնայած քարոզիչների հռետորաբանությունն առանց այդ էլ առավելագույնս նեոնացիստական է և ագրեսիվ. շատ ավելի բարձր՝ դժվար է պատկերացնել», - հայտարարել է ներկայացուցիչը ։


Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կփորձի ահաբեկչությունն օգտագործել միջազգային ասպարեզում իրավիճակը փոխելու համար:


«Պուտինի ռեժիմը փորձելու է ագրեսորի կերպարը, որով այժմ Ռուսաստանն ընկալվում է աշխարհում, վերածել զոհի ռեժիմի։ Չնայած այն հանգամանքին, որ աշխարհը նախազգուշացրել է ՌԴ տարածքում նման միջադեպերի սպառնալիքի մասին, Պուտինի ռեժիմը կամ ոչինչ չի արել դա կանխելու համար, կամ ինքը ներգրավված է այդ ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ», — բացատրել է Յուսովը։